ՀՀ Կենտրոնական բանկ

Համահայկական բանկի նպատակն է նպաստել ուժեղ, մրցունակ և գիտելիքի վրա հիմնված հայության ներուժի ձևավորմանը և այն ուղղել ամբողջ հայության մրցունակության ավելացմանը համաշխարհային շուկայում: Համահայկական բանկն իր գործունեությունն իրականացնում է լիազոր մարմնի ռազմավարության ներքո:

Համահայկական բանկը`

1) կարող է պարտատոմսեր և դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում, պարտատոմսերով և (կամ) դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրաված միջոցների չափը պետք է ավելի լինի 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից.

2) չի վարում հաշիվներ և չի տրամադրում կարճաժամկետ վարկեր (սույն օրենքի իմաստով կարճաժամկետ վարկեր են համարվում 3 օրացուցային տարուց ոչ ավել ժամկետով տրամադրված վարկերը).

3) տրամադրում է Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու և արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր և (կամ) ներդրումներ:

Համահայկական բանկի կառավարման մարմինները

1. Համահայկական բանկի կառավարման մարմիններն են՝

  1.1  Համահայկական բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը (այսուհետ` ընդհանուր ժողով).

  1.2 Համահայկական բանկի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).

  1.3 Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, Համահայկական բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում` Համահայկական բանկի տնօրինությունը կամ վարչությունը:

2. Համահայկական բանկի կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կարգը, իրավասությունների շրջանակը և այդ մարմիններին ներկայացվող պահանջները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Համահայկական բանկի կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Համահայկական բանկը գործում է Համագործակցության և զարգացման եվրոպական կազմակերպության (OECD) ընդունած կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան:

4. Համահայկական բանկը ձևավորում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան կազմակերպական կառուցվածք, այդ թվում՝ ռիսկերի կառավարման և փորձագիտական կոմիտեներ:

5. Խորհուրդն իրականացնում է Համահայկական բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը:

6. Խորհուրդը կազմավորվում է ընդհանուր ժողովի կողմից Համահայկական բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով:

7. Խորհրդի նիստերի քվորումը սահմանվում է Համահայկական բանկի կանոնադրությամբ, բայց չի կարող խորհրդի անդամների կեսից պակաս լինել: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաստատած խորհրդի կանոնակարգով ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Ձայնի քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի (այդ թվում` խորհրդի այլ անդամի) չի թույլատրվում: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:

8. Խորհրդի անդամների պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերը կարգավորվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

9. Խորհրդի անդամները և նախագահը Կենտրոնական բանկի կողմից որակավորում չեն ստանում և չեն գրանցվում Կենտրոնական բանկում: Խորհրդի անդամները և նախագահը հաշվառվում են Կենտրոնական բանկում:

10. Խորհրդի անդամների վրա չեն տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի անդամներին վերաբերող փոխկապակցվածության դրույթները:

11. Համահայկական բանկի խորհրդի նախագահի և (կամ) անդամի պաշտոնը կարող է համատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ:

Համահայկական բանկի կապիտալը

  • Համահայկական բանկի ընդհանուր կապիտալի չափը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող բանկի համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաս:
  • Համահայկական բանկի հիմնադիրներից է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Կենտրոնական բանկ) կամ Հայաստանի Հանրապետությունը: Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության` որպես Համահայկական բանկի հիմնադիրների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Համահայկական բանկի հիմնադիր կամ մասնակից կարող են լինել նաև քաղաքացիական իրավունքի այլ սուբյեկտներ:

Համահայկական բանկի գործունեության սկզբունքները

Համահայկական բանկը բաժնետիրական ընկերություն է, որը գործում է մասնավոր և պետական համագործակցության հիման վրա:

Համահայկական բանկը գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում չմրցելու սկզբունքով:

Համահայկական բանկի հաշվապահական հաշվառումը

1. Համահայկական բանկը հաշվապահական հաշվառումը վարում և ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան:

2. Յուրաքանչյուր տարի Համահայկական բանկի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով Համահայկական բանկը պետք է ներգրավի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի (այսուհետ` արտաքին աուդիտ)` կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր: Համահայկական բանկի արտաքին աուդիտին ընտրում է ընդհանուր ժողովը` Կենտրոնական բանկի սահմանած կարգով: